Ալիևը Էրդողանի փեսային պարգևատրել է Ղարաբաղի շքանշանով

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ընդունել է Ադրբեջան ժամանած թուրքական Բայքար ընկերության տեխնիկական տնօրեն, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի փեսա Սելջուկ Բայրաքթարի գլխավորած պատվիրակությանը։ Ինչպես փոխանցում է Ադրբեջանի նախագահականը, Բայրաքթարը Իլհամ Ալիևին շնորհավորել է Արցախյան վերջին պատերազմում Ադրբեջանի հաղթանակի կապակցությամբ։

Բայրաքթարը Ադրբեջանի նախագահին է փոխանցել Թուրքիայի նախագահի ողջույնները, ինչի համար Ալիևը շնորհակալություն է հայտնել և փոխադարձաբար ողջունել Էրդողանին։ Ադրբեջանի նախագահը ընդգծել է, որ Արցախյան պատերազմի ընթացքում Թուրքիայի նախագահը և թուրք ժողովուրդը մեծ աջակցություն են ցուցաբերել իր երկիրին։ Ալիևը նաև գոհունակություն է հայտնել, որ Էրդողանը մարտի 31-ին կայացած Թյուրքալեզու խորհրդի ոչ պաշտոնական գագաթնաժողովի ընթացքում շնորhավորեց Ադրբեջանին՝ Արցախյան պատերազմի հաղթանակի առթիվ։

Անդրադառնալով թուրքական պաշտպանական արդյունաբերության հաջողություններին Ադրբեջանի նախագահը նշել է, որ այդ հաջողությունների գլխավերևում կանգնած է անձամբ Սելջուկ Բայրաքթարը։ Իլհամ Ալիևը ուշադրություն է հրավիր այն դերին, որը, թուրքական արտադրության անօդաչու թռչող սարքերը ունեցել Ադրբեջանի տարածքները այսպես կոչված ազատագրելու ընթացքում՝ թշնամու սպառազինությունը ոչնչացնելու գործում։

Իլհամ Ալիևը Սելջուկ Բայրաքթարին պարգևատրել է Ղարաբաղքի շքանշանով՝ Ադրբեջանի և Թուրքիայի միջև եղբայրական հարաբերությունները ամրապնդելու, առկա համագործակցությունը զարգացնելու, ինչպես նաև Ադրբեջանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը ապահովելու ուղղությամբ իր ունեցած ներդրումների համար։ Բայրաքթարը շնորհակալություն է հայտնել Իլհամ Ալիևին՝ նշելով, որ դա իսկապես իր համար մեծ պատիվ է։

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով