Ալիևը ասել է, որ իրենք օրերից մի օր վերադառնալու են Երևան

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ադրբեջանական Ադա համալսարանի ուսանողների հետ կայացած հանդիպման ընթացքում հայտարարել է, որ իրենք օրերից մի օր վերադառնալու են իրենց պատմական տարածքներ։ Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ ուսանողների հետ Ադրբեջանի նախագահի հանդիպումը կայացել է «Նոր հայացք հարավային Կովկասին, հետպատերազմական շրջանի զարգացումը և համագործակցությունը» թեմայով կոնֆերանսի շրջանակներում։

Իլհամ Ալիևը նշել է, որ Զանգեզուրը Հայաստանին է փոխանցվել 101 տարի առաջ՝ 1920 թվականին։ «Դրանից առաջ այդ շրջանը նույնպես մեզ էր պատկանում։ Երբ ես ասում եմ Գյոյչա, նրանք արդեն ասում են Սևանա լիճ։ Իրականությունը սա է, նայե՛ք 20-րդ դարի սկզբի քարտեզին և այնտեղ Սևան չեք տեսնի, կտեսնեք Գյոյչա»,- ասել է Ալիևը։

Բացի այդ Ալիևը նշել է, որ նույնը վերաբերում է Երևանին։ Նրա խոսքով Երևանի պատմական մասը հայերի կողմից ոչնչացվել է։ «Ակնհայտ փաստ է, որ ադրբեջանցիները՝ այդ թվում նաև իմ նախնիները, ապրել են այնտեղ։ Չնայած սա իրողություն է, այնուամենայնիվ սա չի նշանակում, որ մենք Հայաստանի նկատմամբ որ մենք Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջներ ունենք»,-ընդգծել է Ադրբեջանի առաջնորդը։

Ալիևը մեկ անգամ ևս նշել է, որ իրենք անշուշտ վերադառնալու են Երևան, միևնույն ժամանակ շեշտել է, որ ոչ թե տանկերով են վերադառնալու, այլ պարզապես վերադառնալու են։ «Եթե վերադառնանք Զանգեզուրի միջանցք, եթե այդ ճանապարհը օգտագործենք, ապա ինչու՞ չվերադառնանք Երևան։ Ժամանակը կգա, և մենք դա կանենք։ Ես իմ դիրքորոշումն եմ ներկայացնում»,-եզրափակել է Ալիևը։

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով