Ազգային ժողովում քննարկվել է Արցախի Հանրապետության 2023թ. պետական բյուջեի նախագիծը

Նոյեմբերի 25-ին ԱՀ ԱԺ ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արթուր Հարությունյանի նախագահությամբ հրավիրվել է ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ:

 Ինչպես տեղեկացնում են Արցախի Հանրապետության Ազգային ժողովի մամուլի ծառայությունից՝ օրակարգում «ԱՀ 2023թ պետական բյուջեի մասին» ԱՀ օրենքի նախագծի քննարկման հարցն էր:

Այն ներկայացրել է ԱՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նորայր Ավանեսյանը: Նախարարի տեղակալի փոխանցմամբ՝ ԱՀ 2023թ պետական բյուջեի նախագիծը մշակվել է՝ հաշվի առնելով Արցախի Հանրապետության Նախագահի 2020-2025 թվականների ծրագրի նպատակադրումները և Արցախի Հանրապետության 2023-2025 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի դրույթները:

«2023թ պետական բյուջեի սեփական եկամուտները ծրագրվել են 49 մլրդ 850 մլն դրամի չափով, բյուջետային վարկի չափը 2023 թվականին կկազմի 144.0 մլրդ դրամ, բյուջեի ծախսերը նախատեսվում են 215 մլրդ 171.4 մլն դրամի չափով, ՀՆԱ-ում ծախսերի մակարդակը կկազմի 69.1 տոկոս, արդյունքում դեֆիցիտը կկազմի` 21 մլրդ 321.4 մլն դրամ»,- նշել է ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի տեղակալը:

2023թ. բյուջեի նախագծով նախատեսված հիմնական ծախսային գերակայություններն ըստ ոլորտների հետևյալն են՝ Գյուղատնտեսություն՝ 6 մլրդ 037.1 մլն դրամ, Էներգետիկ ոլորտի զարգացման և սուբսիդավորման ծրագիր՝ 4 մլրդ 20.0 մլն դրամ Արցախի ներդրումային հիմնադրամ՝ 4.0 մլրդ դրամ Կապիտալ ներդրումներ՝ 22.0 մլրդ դրամ Սոցիալական պաշտպանություն՝ 72 մլրդ 939.9 մլն դրամ Բնակարանային ապահովման ծրագիր՝ 10.0 մլրդ դրամ «Պատերազմական գործողությունների հետևանքով տեղահանված և (կամ) բնակտարածք կորցրած անձանց բնակարանային կարիքի ժամանակավոր բավարարման նպատակով դրամական աջակցության տրամադրում» ծրագիր՝ 12 մլրդ 102.7 մլն դրամ Առողջապահություն՝ 13 մլրդ 401.1 մլն դրամ Կրթություն՝ 15 մլրդ 497.0 մլն դրամ Մշակույթ, երիտասարդություն և սպորտ՝ 1 մլրդ 843.4 մլն դրամ Համայնքների բյուջեներ՝ 1 մլրդ 108.1 մլն դրամ Նիստը նախագահող Արթուր Հարությունյանը տեղեկացրել է, որ «ԱՀ 2023թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկումները կշարունակվեն ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման մշտական հանձնաժողովի և ոլորտային հանձաժողովների համատեղ նիստերում:

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով