Ադրբեջանի մեջլիսի պատգամավոր Այդըն Հուսեյնովը հայտարարել է, որ Հայաստանը ձգձգում է տրանասպորտային հաղորդակցությունների բացման գործընթացը։ Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ Հուսեյնովը ասել է, որ Հայաստանը ներկայումս շարունակում է ապակառուցողական դիրքորոշում ցուցաբերել։
Նա ընդգծել է, որ Արցախյան պատերազմում Ադրբեջանի հաղթանակը և այսպես կոչված ադրբեջանական տարածքների ազատագրումը տարածաշրջանում ստեղծել են նոր իրողություններ և համագործակցության հնարավորություններ։ Վերջինիս խոսքով Ադրբեջանը նոր իրավիճակում պատրաստակամ է իր հարևանների հետ համագործակցություն ծավալել, սակայն Հայաստանը համարժեք քայլեր չի ձեռնարկում։
Հուսեյնովը շեշտել է, որ Հայաստանի քայլերը խոչընդոտում են տարածաշրջանում խաղաղության հաստատմանը։ Բացի այդ նա հայտնել է, որ այսօր Հայաստանը գտնվում քաղաքական և տնտեսական ճգնաժամի մեջ, որը այդ երկրին որևէ լավ բան չի կարող տալ։ «Հայաստանի համար այդ իրավիճակից դուրս գալու միակ ելքը հարևան երկրների հետ համագործակցության հաստատումն է»,-ասել է նա։
Պատգամավորը նաև հավելել է, որ եթե տրանսպորտային հաղորդակցությունները չբացվեն, ապա Հայաստանը չի կարողանա դուրս գալ շրջափակումից, և դա էլ ավելի կխորացնի առկա ճգնաժամը։ Նա ընդգծել է, որ Հայաստանը նախկինի պես բարձրաձայնում է իր անհեթեթ և ռևանշիստական գաղափարները։ «Եթե Հայաստանը շարունակի խոչընդոտել հաղորդակցությունների բացման գործընթացին, ապա նա կհայտնվի էլ ավելի բարդ իրավիճակում»,-ասել է Հուսեյնովը։
Նա ուշադրություն է հրավիրել այն բանին, որ ստեղծված իրավիճակում Հայաստանի համար միակ ելքը նոյեմբերի 10-ին ստորագրված եռակողմ հայտարարության իրագործումն է։
Հիշեցնենք, որ եռակողմ հայտարարության 9-րդ կետի համաձայն տարածաշրջանում վերականգնվում են բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը՝ Հայաստանը երաշխավորում է Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի միջև տրանսպորտային հաղորդակցության անվտանգությունը` երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների ու բեռների անարգել երթևեկություն կազմակերպելու նպատակով: