Ադրբեջանի մեջլիսը նախագահ Սաբիհա Գաֆարովան հայտարարել է, որ Հայաստանը հրաժարվում է Ադրբեջանին տրամադրել Լեռնային Ղարաբաղի ականապատ տարածքների քարտեզները և միջազգային կառույցները պետք է այդ հարցում ճնշում գործադրեն Հայաստանի վրա։ Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ Գաֆարովան այս մասին ասել է Սանկտ Պետերբուրգում կայացած ԱՊՀ միջխորհրդարանական ասամբլեայի նիստի ընթացքում։
Նա ընդգծել է, որ նախորդ տարի համավարակի պայմաններում Հայաստանը կրկին ռազմական սադրանք է ձեռնարկել Ադրբեջանի նկատմամբ՝ փորձելով նոր տարածքներ իր վերահսկողության տակ վերցնել։ Գաֆարովայի խոսքով Հայաստանը արդեն իսկ նախկին հակամարտության գոտում հավաքագրել է տարբեր ահաբեկիչների, որոնք հիմնականում եղել Սիրիայից, Լիբանանից և այլ երկրներից՝ ծագումով հայեր։
Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղում առկա ականապատ տարածքներին,ապա Ադրբեջանի մեջլիսի նախագահը ընդգծել է, որ Հայաստանը հրաժարվում է տրամադրել ականապատ տարածքների քարտեզները։ Նա նշել է, որ ներակայումս ընթանում են ականազերծման աշխատանքներ, որի ընթացքում նույնպես մարդիկ են զոհվում։ Գաֆարովան միջազգային կազմակերպություններին կոչ է արել ճնշում գործադրել Հայաստանի նկատմամբ։
Վերջինս նաև հայտնել է, որ Ադրբեջանը պատերազմի ընթացքում արժանի հակահարված է տվել Հայաստանին։ Ադրբեջանի մեջլիսի նախագահը նաև կարևորել է Ռուսաստանի դերը Ադբեջանի տարածքային ամբողջականության վերականգնման հարցում՝ ուշադրություն հրավիրելով այն բանին, որ նոյեմբերի 10-ի համաձայնագիրը կնքվել է Ռուսաստանի միջնորդությամբ։