Երևանն ու Բաքուն սահմանների իրավական ամրագրում չեն իրականացնում, և Ադրբեջանի հետ սահմանին սահմանապահները ժամանակավորապես տեղակայվում են 1975-1976թթ. խորհրդային ռազմական քարտեզների հիման վրա, հայտարարեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։
Ավինյանը նաև պնդեց, որ անցած տարվա նոյեմբերի 9-ի և այս տարվա հունվարի 11-ի մոսկովյան հայտնի եռակողմ հայտարարություններից բացի, Հայաստանն ու Ադրբեջանը որևէ այլ փաստաթուղթ չեն ստորագրել․ — «Ոչ։ Արդբեջանի հետ Հայաստանը, բացի այդ երկու փաստաթղթերից, եթե չեմ սխալվում, եթե էս վերջին բանակցությունների ընթացքում փոխվարչապետերի միջև որևէ փաստաթուղթ չի ստորագրվել, հուշագիր․․․ ոնց որ թե չի ստորագրվել, որը կարող էր վերաբերվել կոմունիկացիաներին, նման փաստաթղթի գոյության մասին համենայն դեպս ես տեղեկացված չեմ։ Իսկ Գորիս – Դավիթ Բեկ հատվածի վերաբերյալ պայմանավորվածությունները ռուսական կողմի հետ են, և ռուս սահմանապահները էնտեղ տեղակայված են այդ պայմանավորվածությունների հիմքով»։
Անդրադառնալով Ադրբեջանում պահվող ռազմագերիների հարցին՝ փոխվարչապետ Ավինյանը համոզմունք հայտնեց, որ նրանց ազատման գործում Հայաստանը արդյունքների կհասնի․ — «Ռուսաստանի Դաշնությունը միանշանակ կիսում է մեզ հետ այն մոտեցումը, որ բոլոր ռազմագերիները և ձերբակալված անձինք պետք է վերադառնան։ Չնայած Ադրբեջանի նախագահը մեկ անգամ չէ, որ հայտարարություններ է տարածել, որոնք հակասում են նոյեմբերի 9-ի հայտարարության բովանդակությանը։ Այնուամենայնիվ կարծում եմ, էստեղ շատ նուրբ և հանգիստ աշխատանք է պահանջվում մեզանից, համբերություն է պահանջվում։ Եվ ես միանշանակ համոզված եմ, որ մենք արդյունքների հասնելու ենք։ Ինչպես նաև ուզում եմ շեշտել, որ միջազգային ճնշումը այս առումով Ադրբեջանի վրա գնալով ավելանում է և շարունակաբար ավելանալու է։ Որովհետև սա մի կետ է, որտեղ շատ տարընթերցման կամ տարբեր ձևի մեկնաբանությունների հնարավորություն չկա։ Անկախ նրանից, թե ադրբեջանական ինչ կարգավիճակ է տալիս այդ անձանց, ովքեր որ պահվում են՝ դրանք բոլորը, լինեն ձերբակալված, լինեն քաղաքացիական, լինեն ռազմագերի, բոլորը պետք է վերադարձվեն առանց նախապայմանների»։