Ադրբեջանի արտգործնախարարը ասել է, որ գերիների հարցը փակված է

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ ներկայումս ռազամագերիների խնդիրը արդեն լուծված է , և այդ հարցը փակված է։ Ինչպես տեղեկացնում են ադրբեջանական լրատվամիջոցները, այս մասին Բայրամովը ասել է Իսլամական համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղար Յուսեֆ Բեն Ահմեդ ալ-Ուսայմինի հետ կայացած մամուլի ասուլիսի ընթացքում։
 
 
Բայրամովը նշել է, որ Ադրբեջանը հավատարիմ է իր ստանձնած միջազգային պարտավորություններին։ Նա ընդգծել է, որ եռակողմ հայտարարության ստորագրումից հետո Ադրբեջանը Հայաստանին վերադարձրել է 70 ռազմագերիների, իսկ Հայաստանը Ադրբեջանին տրամադրել է 12 ռազմագերիների։
 
Ադրբեջանի արտգործնախարարը ասել է, որ ներկայումս Ադրբեջանում պահվող անձանց խնդիրը առաջացել է եռակողմ հայտարարության ստորագրումից շուրջ մեկ ամիս հետո։ Նա շեշտել է, որ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում իրականացված սադրանքների և հայ զինծառայողների տեղակայման արդյունքում չորս ադրբեջանցի զինծառայող է զոհվել, իսկ մեկ քաղաքացիական անձ վիրավորվել է։
 
Վեջինս ասել է, որ Ադրբեջանի կողմից իրականացված հատուկ գործողության արդյունքում հայ զինվորականների այս խումբը վնասազերծվել է, և 62 անձ կալանավորվել է: «Հետաքննության արդյունքում հայտնի է դարձել, որ այդ մարդիկ տեղակայվել են Ադրբեջանի տարածքում նոյեմբերի 26-ին: Նրանցից գրեթե բոլորը Հայաստանի Շիրակի մարզից են, և նրանք հանցանք են գործել»,-ասել է Բայրամովը:
 
Ադրբեջանի արտգործնախարարը նշել է, որ մարդուն ռազմագերի անվանելու համար պետք է տեղի ունենան ռազմական գործողություններ, իսկ եթե դրանք տեղի չեն ունեցել նրանք պետք է կոչվեն ահաբեկիչներ: Բայրամովի խոսքով եռակողմ հայտարարության ստորագրումից հետո կալանավորված անձինք չեն կարող ռազմագերիներ համարվել։
 
Հիշեցնենք, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարության ստորագրումից հետո Արցախի Հանրապետության Հադրութի շրջանը ամբողջությամբ անցել էր Ադրբեջանի վերահսկողության տակ՝ բացառությամբ Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի, սակայն դեկտեմբերի 12-ից 13-ը Ադրբեջանի իրականացրած հերթական սադրանքի արդյունքում այդ գյուղերը ևս անցան Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության տակ։ Վերոհիշյալ դեպքերի ընթացքում Ադրբեջանը գերեվարել էր շուրջ 62 մարդու, որոնց մինչև այժմ հրաժարվում է վերադարձնել։

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով