Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով վիրավորում կամ հոգեկան առողջության խնդիր ձեռք բերած զինծառայողներին կտրվի 500 հազար դրամ միանվագ աջակցություն

ՀՀ տարածքի նկատմամբ 2022 թ․ սեպտեմբերի 13-ից Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ ագրեսիայի հետևանքով վիրավորում (վնասվածք) ստացած կամ հոգեկան առողջության խնդիր ձեռք բերած զինծառայողները 500 հազար դրամ միանվագ աջակցություն կստանան․նախագիծը հավանության է արժանացել Կառավարության նիստում։

Ինչպես հայտնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից, աջակցությունը կտրվի ռազմական գործողությունների հետևանքով վիրավորում ստացած այն անձանց, որոնք բուժհաստատություններում բժշկական օգնություն և սպասարկում են ստացել, չունեն հաշմանդամության խումբ կամ ունեն (կարող են ունենալ) հաշմանդամության երրորդ խումբ:
Ֆինանսական օգնությունը կտրամադրվի Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Միասնական սոցիալական ծառայության (ՄՍԾ) կողմից՝ շահառուի էլեկտրոնային դիմումի հիման վրա:
Միասնական սոցիալական ծառայության կայքէջում առաջիկայում կստեղծվի պատուհան, որի միջոցով շահառուները ծրագրին դիմելու հնարավորություն կունենան մինչև 2022 թվականի դեկտեմբերի 15-ը։

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով