Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Լեյլա Աբդուլլաևան արձագանքել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր Դեսպան Ջոնաթան Լաքոթի այն հայտարարությանը, թե պատերազմը ներկայացում բեմադրելու առարկա չէ։ Ինչպես տեղեկացնում է Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունը, Աբդուլլաևան նշել է, որ Ջոնաթան Լաքոթը որևէ հարց մեկնաբանելուց առաջ լավ կլինի նայի իր երկրին և տեսնի, թե այնտեղ ինչպես են լուծվում խնդիրները։
Աբդուլլաևան ընդգծել է, որ Ֆրանսիան մի երկիր է, որը պատմության ընթացքում մի շարք պատերազմներ է տեսել և տարբեր թանգարաններում ցուցադրել է այդ պատերազմներին վերաբերող տարբեր ցուցանմուշներ։ Նա նաև հարցրել, թե արդյոք Ֆրանսիան իրավունք ունի՞ Ադրբեջանին ասել, թե ինչ է անհրաժեշտ անել թշնամուց առգրավված ռազմավարի հետ։
Վերջինս նաև զարմանք է հայտնել, որ Լաքոթը Հայաստանը անվանել է արժանապատիվ պետություն։ «Գուցե Ֆրանսիայի դեսպանը արժանապատիվ է համարում Հայաստանի ագրեսիվ քաղաքականությունը, որի արդյունքում շուրջ 30 տարի շարունակվում էր արժանապատիվ օկուպացիան»,-ասել է նա։
Նա նաև հայտնել է, որ արժանապատիվ երկիրը չի հավակնի հարևան երկրի տարածներին, չի ոտնահարի միլիոնավոր մարդկանց իրավունքները և այլն։ Բացի այդ նրա խոսքով արժանապատիվ երկիրը չի կարող ռազմական գործողությունների ավարտից հետո ահաբեկչական խմբավորում չի ուղարկի այլ երկրի տարածք և չի վտանգի այլ մարդկանց կյանքը՝ չտրամադրելով ականապատ տարածքների քարտեզները։ «Ամենայն հավանականությամբ Ֆրանսիայի դեսպանը արժանապատվության մասին այլ պատկերացումներ ունի»,-եզրափակել է Աբդուլլաևան։