Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում Ադրբեջանի պատվիրակության ղեկավար Սամեդ Սեյիդովը դժգոհություն է հայտնել, որ վեհաժողովի այս՝ գարնանային նստաշրջանում, քննարկվելու է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների թեման։ Այս մասին տեղեկացնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Նա ընդգծել է, որ Ադրբեջանը մշտապես խաղաղություն է ցանկացել և դրա համար գործադրել է բոլոր հնարավոր ջանքերը։ Սեյիդովի խոսքով նման հարցերի քննարկումը խոչընդոտում է խաղաղության հաստատմանը։
Վերջինս նաև հիշատակել է ԵԽԽՎ նախագահ Ռեկ Դաեմսի այն հայտարարությունը, որ անհրաժեշտ է անհրաժեշտ է ոչ միայն խոսել երկրների մասին, այլ նաև երկխոսություն իրականացնել այդ երկրների հետ։ Նրա խոսքո դա շատ կարևոր է, իսկ ԵԽԽՎ-ում անցկացվող նման քննարկումները փորձում են կառույցը սխալ ուղղությամբ տանել։
Հիշեցնենք, որ Ադրբեջանը հրաժարվում է Հայաստանին վերադարձնել իր մոտ պահվող հայ ռազմագերիներին՝ հայտարարելով, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրումից հետո ձերբակալված անձինք չեն կարող ռազմագերիներ համարվել։ Խոսքը մասնավորապես վերաբերվում Հադրութի շրջանի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի տարածքում գերավարված հայ զինծառայողներին, քանի որ այդ գյուղերը եռակողմ հայտարարության ստորագրումից հետո մնացել էին Արցախի Հանրապետության զինված ուժերի վերահսկողության տակ, սակայն Ադրբեջանը դեկտեմբերի 13-ին ռազմական սադրանքի դիմելով այդ գյուղերը նույնպես վերցրեց իր վերահսկողության տակ։